copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:59 21-11-2021

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն:

Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ:

Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև:

Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։

Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:

Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցու­թյունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում