copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:34 10-07-2021

Շահառու ընտանիքներին կտրամադրվի դրամաշնորհ՝ սեփական գործ հիմնելու համար

Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի պաշտոնյաների, համայնքների ղեկավարների, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի», Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարվել է կարևոր դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, ինչպես նաև այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։

Լոռու մարզպետի անունից ներկաներին ողջունել և նման ծրագիր մեկնարկելու նախաձեռնության համար պատասխանատու կառույցներին շնորհակալություն է հայտնել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:

Իր հերթին՝ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացման և տեղայնացման, ինչպես նաև ձեռներեցության խթանման միջոցով բարելավել ավելի քան 11.000 քաղաքացիների սոցիալական վիճակը ՀՀ հինգ մարզերում՝ Լոռի, Արարատ, Արմավիր, Կոտայք և Շիրակ։

Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։

Նախատեսվում է մշակել սոցիալական դեպքի վարման նոր մեթոդաբանություն, իսկ աղքատության հաղթահարումը փորձարկել ակտիվացման և ներառման հստակ նորարարական մեխանիզմներով, ինչը թույլ կտա ավելի պատրաստ և դիմացկուն լինել տարատեսակ սոցիալական ռիսկերին արձագանքելու գործընթացում։

«Մեր նպատակն է իրականացնել ամբողջական գործընթացը՝ սոցիալական աշխատողների համար դասընթացների կազմակերպումից մինչև գործիքների տրամադրում, ուղեկցում և ծրագրի հաջող ավարտ, կարիքավորների բարեկեցության ապահովում: Վերջնանպատակը պետք է լինի այն, որ կարիքավոր ընտանիքը դառնա ինքնաբավ: Նրանց համար պետք է ստեղծենք կայուն եկամտի աղբյուր ունենալու հնարավորություն»,- ասել է Մ. Անտոնյանը:

Ծրագրի գործադիր տնօրեն Ռուբեն Մարկոսյանն իր հերթին ներկայացրել է, որ ծրագրով՝ շահառուներից կընտրվի ընդհանուր առմամբ 300 ընտանիք (50-60-ը՝ Լոռու մարզից), որոնց կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ՝ սեփական գործ հիմնելու համար։

Ծրագրի արդյունքում նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային շուրջ 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները՝ այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։

Ըստ այդմ՝ սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցում, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկանց իրավիճակի խոցելիությունը։ Ծրագրի ընթացքի վերաբերյալ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ծավալվել է նաև ակտիվ քննարկում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի